ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Երբ խիղճը մարդու մեջ արթնանում է, նյութական կողմն արդեն դառնում է երկրորդական»

«Երբ խիղճը մարդու մեջ արթնանում է, նյութական կողմն արդեն դառնում է երկրորդական»
26.10.2018 | 02:07

«Իրատեսի» զրուցակիցը ռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ է:
Նրա հետ զրույցը հիմնականում անդրադարձ է իր նոր նկարահանած «Էրկեն Կիշեր» (Վանի բարբառով՝ երկար գիշեր) ֆիլմին, որում ռեժիսորը երեք պատումների միջոցով կինոէկրանին պատկերել է երեք տարբեր ժամանակներ՝ առերևույթ իրարից անկախ, սակայն խորքում՝ խիստ փոխկապակցված:
Ֆիլմի մեկ հատված նկարվել է ըստ Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքի, որը, վստահ ենք, իր համաժամանակյա ասելիքով այսօր էլ պահանջված է յուրաքանչյուրիս համար:


-Պարոն Բաղդասարյան, կարծում եմ՝ Դերենիկ Դեմիրճյանի գրական ժառանգության հետագծում կարևոր հանգրվան է լինելու Ձեր «Էրկեն Կիշեր» ֆիլմը: Ամեն դեպքում, դժվար է գտնել որևէ հայի, որին ծանոթ չլինեն Դեմիրճյանի «Քաջ Նազար» և «Պույպույ մուկիկը» ստեղծագործությունները՝ այն պարզ պատճառով, որ դրանք մատուցվել են նաև կինոլեզվով՝ գեղարվեստական ֆիլմի և անիմացիայի ժանրերում: Դասականի չափազանց լուրջ երկի եք անդրադարձել Դուք, ի՞նչ արձագանք եք ակնկալում ապագա հանդիսատեսից:
-Իմ ֆիլմը երեք մասից է բաղկացած, ներկայացնում է երեք ժամանակաշրջան: Ֆիլմը որոշակի ինֆորմացիա է պարունակում՝ ոչ թե վերբալ, այլ վիզուալ մակարդակներում: Հորինված, երևակայական աշխարհ է ստեղծված, որում ինչ-որ պատմություն է պատմվում: Շատ ճիշտ է ասված, որ կինոն այն չէ, ինչ էկրանին է, այլ այն է, ինչ կատարվում է հետո մարդու գլխում: Ես ուզում եմ, որ այս ֆիլմի նկատմամբ անտարբեր չլինեն: Թող գովեն, փնովեն, վիճեն, բայց անտարբեր չլինեն: Այս ֆիլմը ինչ-որ հարցեր է բարձրացրել, մի բան, որ շատ կարևոր է: Իսկ ինչ վերաբերում է «Քաջ Նազարին», դա մի այլ պատմություն է: Մենք ունենք գրականության այնպիսի նմուշներ, որոնք մեզ բնորոշում են 150 տոկոսով: Դրանցից մեկը Քաջ Նազարն է, մյուսն ինձ համար «Մկների ժողովն» է: Էդ գործերը ցույց են տալիս, թե ով ենք մենք: Մենք ինքներս հո լավ գիտենք, թե ով ենք, մեր տեսակի լավ կողմերն էլ գիտենք, վատն էլ: Իհարկե, օտարների առաջ ձգտում ենք ներկայանալ իդեալական, բայց ներսում պիտի խոսենք էն բացասական բաների մասին, որոնք խանգարում են մեզ ապրել: Պիտի բարձրաձայնես, չքողարկես քո թերությունները, որպեսզի նաև հետևություններ անես և ուղղես դրանք: Դրսում ես ծպտուն չեմ հանում, երբ ցուցադրվում է վատ հայկական ֆիլմ, և օտարները քննադատում են այն: Ավելին՝ սկսում եմ պաշտպանել, հակադրվել՝ ասելով, թե իրենք չունե՞ն վատ ֆիլմեր, իրենց բոլո՞ր ֆիլմերն են հանճարեղ: Կոնկրետ այդպիսի դեպք եղավ Բուխարեստում: Այնտեղ լռեցի, երբ բոլորը քննադատեցին հայկական ֆիլմը, բայց եկա Հայաստան ու շան լափը թափեցի գլխներին: Ինձ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչո՞ւ պիտի հայկական վատ ֆիլմ տարվի դուրս, ու ես գետինը մտնեմ դրա պատճառով: Չկա՞ նորմալ հայկական ֆիլմ, ո՞վ է թույլ տալիս, որ էդ անորակ ֆիլմերը դուրս տանեն, ո՞վ է դրանք խցկում էդ ցուցակում, ո՞վ է սրա պատասխանատուն: Երկիր ես ներկայացնում, ազգ ես ներկայացնում, դու իրավունք չունես խոտան ցույց տալու: Երբ իմ «Սիմոնի ճամփան» ցուցադրվում էր Նյու Յորքում, 1500-տեղանոց դահլիճը հոտնկայս ծափահարում էր: Միլիոնատերեր, միլիարդատերեր էին դահլիճում, որոնք էլ հրավիրել էին ինձ այնտեղ, հոգացել բոլոր ծախսերը: ՈՒ այդ մարդիկ ծափահարում էին հայկական ֆիլմին: Էն, ինչ մշակույթը կարող է անել, չի կարող անել ոչ մի բանակ, ոչ մի քաղաքական գործիչ՝ առավել ևս: Հետևաբար, մշակույթի հանդեպ չի կարելի կամայական, անլուրջ մոտեցում ունենալ:

-Ինչպե՞ս պատահեց, որ «Էրկեն Կիշեր» ֆիլմում որոշեցիք անդրադառնալ հենց Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքին:
-Նախ ասեմ, որ նկարահանումները նոր-նոր են ավարտվել, և առաջին անգամն է, որ ֆիլմի մասին մանրամասներ եմ հայտնում հրապարակավ: Ինչ վերաբերում է Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքին, ապա դրան անդրադառնալը շատ պատահական ստացվեց: Քնարիկ Միրզոյանն ինձ առաջարկեց էկրանավորել այդ պատմվածքը, բայց ես այն տեսա որպես իմ եռապատումի մի մասը։ Ֆիլմում ինձ պետք էր ցույց տալ երեք ճանապարհ: Առաջինում ներկայացված սյուժեն մեր օրերի մասին է. ամուսինների պատմություն է, որը թավշյա հեղափոխությունից հետո մի քիչ այլ կերպ կընկալվի, կարծում եմ: Այստեղ շատ սուր սոցիալական հարցեր են դրված. Հերոսները մարդիկ են, որոնք դադարել են այդպիսին լինելուց, նրանք ոչ թե ամուսիններ են, այլ դարձել են ֆունկցիա: Նրանց միջև սպառված հարաբերություններ են, սպառված զգացմունքներ։ Բավական հարուստ մարդիկ են, ունեն ամեն ինչ, բայց հանկարծ ինչ-որ պահի ամուսինը գիտակցում է, որ ինքն ընդամենը ֆունկցիա է, և կնոջն ինչ-որ բան ապացուցելու համար ուղղակի մայթից մի մարմնավաճառ է վերցնում ու նստեցնում իր մեքենան: Ամբողջ երեսուն րոպե ֆիլմն ընթանում է այդ սյուժեի մեջ՝ մեքենան անիմաստ պտտվում է քաղաքում: Այսինքն՝ սա երեք ճանապարհներից մեկն է, ճանապարհ, որը զուրկ է իմաստից, աննպատակ պտույտ է: Երկրորդ մասում այլ ճանապարհ է, այս մասում է «Ավելորդի» պատմությունը:
-Եվ ի՞նչ բնորոշում ունի «Ավելորդի» պատմության մեջ գծված ճանապարհը:
-Այստեղ ճանապարհը փախուստ է, սա շատ բարդ ճանապարհ է: Երբ կարդացի «Ավելորդը», տեսա դրանում իմ ֆիլմի համար փնտրած ճանապարհը: Մենք որոշ չափով փոխել ենք, իհարկե, սյուժեն, և լուսագրերում այդպես էլ նշել, որ այն նկարահանվել է Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքի մոտիվներով: Վերցրել ենք ֆաբուլան և պատկերել կինոյի լեզվով՝ մեր կողմից կատարված որոշակի փոփոխություններով: Կա քրոջը թողնելու պատմությունը, գործողությունն այդպես էլ կատարվում է: Հաճի աղան ներկայացված է որպես կտորեղենի խանութ ունեցող հարուստ մարդ, որ Փարիզից է բերում իր ապրանքը: ՈՒսումնասիրել ենք, թե այդ ժամանակ ինչպիսի կտորներ են եղել՝ բատիստ, լյուքսոր, պոմպադուր: Կանացի յուրաքանչյուր զգեստի համար գործածել են մի քանի մետր կտոր, այդպիսին են եղել զգեստները: Նման շքեղություն միայն մեծահարուստները կարող էին իրենց թույլ տալ, և այդ շքեղության մատակարարողը Հաճի աղան էր, քաղաքի բոլոր մեծահարուստներին նա էր կտոր վաճառում:
-Այսօրվա լեզվով ասած՝ օլիգա՞րխ էր Հաճի աղան:
-Եթե այսօրվա լեզվով չասենք օլիգարխ էր, ապա հաստատ կարող ենք ասել՝ կայացած բիզնեսմեն էր, որը կյանքի ու մահվան խնդրի առաջ է կանգնած՝ բախվում է դաժան ճշմարտության հետ՝ ֆուրգոն չկա: Մի վիճակ է, երբ ամեն մարդ իր գլխի ճարն է տեսնում, և Հաճիի ամբողջ ունեցվածքը՝ թոփերով կտորեղեն, ոսկեղեն, փող, կորչելու վտանգի առաջ է: ՈՒ այդ ֆոնին ձեռնափայտով հազիվ քայլող անդամալույծ քույրն է՝ Սրբունը: Հաճիի որդին մի կերպ մսագործի ֆուրգոնն է գտնում, որի մեջ հնարավոր չէ ամեն բան տեղավորել: Մի կերպ խցկվում են, փրկում ինչ հնարավոր է, ու ճանապարհ ընկնում:
-Ինչի՞ է հանգեցնում փախուստի այս ճանապարհը հերոսներին, ի վերջո:
-Ի սկզբանե ֆիլմի մտահաղացումը հետևյալն էր. բոլոր երեք մասերում պատմությունը պետք է սկսվեր Ա կետից ու վերջանար Բ կետում, Ա կետում մի մարդ է, Բ-ում՝ այլ մարդ: Կոնֆլիկտը այդ երկու մարդկանց միջև է: Ես գործողությունների մի քանի ժամանոց ընթացքը տեղավորեցի այդ տրամաբանության մեջ: Փոխել եմ Դեմիրճյանի պատմվածքի ֆինալը, որովհետև կարծում եմ, որ դրամ բաժանելու պատմությունը նյութական է դարձնում Հաճի աղայի ցավը: Ես ցանկացել եմ նյութականից վեր բարձրացնել նրա հոգեվիճակը: Վստահ եմ, որ երբ խիղճը մարդու մեջ արթնանում է, նյութական կողմն արդեն դառնում է երկրորդական: Ես սա որպես կենսաբան եմ ասում (առաջին մասնագիտությամբ կենսաբան եմ): Խիղճը չի կարող լինել էվոլյուցիայի արդյունք: Այն բնորոշ է միայն մարդուն: Կենդանական աշխարհի յուրաքանչյուր տեսակ կվերանա, եթե նրա մեջ հանկարծ արթնանա խիղճը: Պատկերացնու՞մ եք, որ առյուծի մեջ խիղճ արթնանա, և նա չկարողանա հոշոտել մեկ այլ կենդանու: Դա կլինի նրա վերջը: Միայն մարդու մեջ է առկա խիղճը, որ նրան բարձրացնում է կենդանական աշխարհի բուրգի գագաթը: Այսինքն՝ սա որևէ էվոլյուցիայի արդյունքում չի առաջանում, սա տրված է մարդուն ի վերուստ: Երբ մարդը խաբում է ինչ-որ մեկին, որևէ մեղք է գործում, հանցանքի մեջ չբռնվելու, այդ հանցանքը բոլորից թաքցնել կարողանալու դեպքում անգամ ներսից նրան ինչ-որ բան է սկսում տանջել, անհանգստացնել: Դա խիղճն է: Հաճի աղան այս վիճակի մեջ է ֆիլմում: Երբ ընտանիքի անդամներն իմանում են, որ նա ուզում է թողնել Սրբունին, ապշում են, դժվարանում են հասկանալ նրա արարքը: Այնինչ նա հանգիստ ասում է. «Վաղը կուգամ, քույրս կտանիմ»: Ընկնում են ճանապարհ, և անսպասելիորեն կես ճանապարհին Հաճին կանգնեցնում է ֆուրգոնը: Ինչու՞, որովհետև մեջը արթնացել է այդ նույն խիղճը: Նա իջնում է ֆուրգոնից ու բռնում հետդարձի ճանապարհը՝ անընդհատ խոսելով քրոջ հետ. «Սրբո՛ւն ջան, ասի՞ վաղը կուգամ…»: Բայց նրան սպասում է նոր ցնցում. ճանապարհին իմանում է, որ Սրբունին սպանել են թուրքերը: ՈՒ ինքն էլ, լուրն իմանալուց հետո, դեմ առ դեմ հանդիպում է թուրք զինվորներին: Սրանցից մեկն ուզում է սպանել Հաճիին, բայց սպան գլխով բացասական նշան է անում. նա արդեն դիակ է, դիակը չեն սպանում: Ա՛յ էսպես. մենք ցույց ենք տալիս Հաճի աղայի՝ Ա կետից Բ կետը ձգվող ճանապարհը և նրա կերպարի փոփոխությունն այդ երկու կետերում: Հաճի աղան Ա կետում սառը դատողությամբ բիզնեսմեն է, ոչ մի զգացմունք նրան չի մոտենում, նրա ճանաչած միակ արժեքը փողն է: Նա փող է տալիս քրոջն ու վստահեցնում՝ կտա թուրքերին, ու նրանք իրեն չեն վնասի: Իսկ Բ կետում այս հաշվարկը փլվում է, զարթնում է այն, ինչ նրա ներսում խոր քնած էր՝ խիղճը: Ես կարծում եմ՝ մարդուն իր խղճի հետ կոնֆլիկտի մեջ դնելը՝ կինոյի լեզվով, շատ հզոր բան է:

-ՈՒ՞ր է տանում ֆիլմի երրորդ պատումի ճանապարհը:
-Երրորդ մասի գործողությունները կատարվում են Նարեկացու մահվան օրը: 1003 թվականին մի գյուղացի՝ Օսեփը, կնոջ վրդովմունքը փարատելու համար, իրենց հիվանդ երեխային տանում է ինչ-որ սրբի մոտ, որին յոթ տարի ոչ ոք չի տեսել: Ճանապարհ է ընկնում ձյուն-ձմեռով, գայլերի միջով: ՈՒ դա միակ ճանապարհն է ֆիլմում, որ նպատակ ունի: Ինչու՞ ֆիլմը կոչեցինք «Էրկեն Կիշեր», որովհետև բոլոր գործողությունները կատարվում են գիշերով, բոլոր պատմությունները խտացել են մի գիշերվա մեջ: Գիշերով նկարահանելը շատ ծանր գործ է: «Ավելորդի» նկարահանումներն ուղղակի աղետ էին, որովհետև նկարում էինք ամայի տարածքում, հեռախոսակապ չէր գործում, կոնկրետ կոորդինատ չկար, որ դերասանին բացատրեիր, թե ուր գա: Տեսարան կա, որտեղ նորածին է նկարահանվել: Նրան գտնում են փախուստի ճանապարհին: Երեխան ընտանիքում միակն է, որին թուրքերը չեն սպանել և որի անունը մայրը թղթի վրա գրված թողել էր բարուրի մեջ: Մի առանձին պատմություն դարձավ մեր գլխին ֆուրգոնը. սարքել էին Գյումրիում, տեղ հասնելիս անիվը կոտրվել էր, նկարահանվող տեսարանում մի կերպ ենք կարողացել ճոճել, որ շարժման պատրանք ստեղծենք: Մի խոսքով, արկածներով լի նկարահանումներ էին:
-Հասկանալի է, որ միևնույն կինոերկում երեք տարբեր պատումների համադրությունն ինչ-որ ընդհանուր օղակ, ինչ-որ հատման կետ է ենթադրում: Ո՞րն է այն «Էրկեն Կիշեր» ֆիլմում:
-Ֆիլմի երեք պատումներում կա մի քար, որ 21-րդ դարում «Range Rover» ավտոմեքենայի բանալու կախազարդի վրա է, «Ավելորդում»՝ Հաճի աղայի համրիչի, իսկ 1003 թվականի պատմության մեջ՝ մագաղաթի: Եվ երբ ֆինալում գյուղացի Օսեփը գտնում է այդ քարը, արևը ծագում է. գիշերը լուսանում է: Այս տեսարանով էլ ավարտվում է ֆիլմը:
(շարունակելի)


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 9112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ